ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել է ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովի հետ, որ ժամանել է Հայաստան՝ մասնակցելու սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայՏեք» առաջին միջազգային ցուցահանդեսին:
Նրանք բարձր են գնահատել ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակն ու հաստատել այդ ուղղությամբ հետագա զարգացման անհրաժեշտությունը: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ տարածքում ՌԴ արտադրության ռազմական նշանակության արտադրանքի վերանորոգման, տեխնիկական սպասարկման ու արդիականացման հավատարմագրված սպասարկման կենտրոնների ցանցի, համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը` ավտոմոբիլային և ինժեներական տեխնիկայի, ՀՕՊ և ՌԷՊ միջոցների ու ավիացիայի ուղղություններով: